Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մասնակցում էր «Երկրի ժամ» կոչվող էկոլոգիական ակցիային, որին նույնիսկ միացել էր Երևանի քաղաքապետարանը (մեկ ժամով անջատելով փողոցային լուսավորությունը) ու մի քանի մասնավոր ընկերություններ: Ֆեյսբուքով ու որոշ հեռուստաալիքներով լուսաբանված ակցիային միացան նաև շատ անհատներ, մեկ ժամով իրենց տան էլեկտրականությունը անջատելով: Ես նույնպես տանը հայտարարեցի` «լույսերը անջատելու եմ, ու շատ խնդրում եմ նաև հեռուստացույցները անջատել», սակայն ցավոք հեռուստացույցների հարցով մերոնց համոզել չհաջողվեց :( Մոմերի սեփական հավաքածուից մի շարք մոմեր տրամադրեցի սենյակների լուսավորությանը ու քրոջս հետ ճաշեցինք մոմի լույսերի տակ: Քույրս նույնիսկ հիշեց, թե ասում են որ մթության մեջ ուտելիս ավելի շուտ ես կշտանում սովորաբար :))- Կարելի է ընտանիքով կամ ընկերներով հավաքվել ու մոմերի լույսերի ներքո լոտո, մոնոպոլիա կամ այլ նմանատիպ խաղ խաղալ (արևածաղկի սերմերը` ըստ ցանկության):
- Մենակ լինելու դեպքում կարելի է առանց խոչընդոտների ու խանգարող հանգամանքների մտածել, պլանավորել, խորհել դեսից-դենից… կարծում եմ ոչ միայն ինձ մոտ է նման կերպ «առանձնանալու» ցանկություն լինում:
- Կարելի է կազմակերպել 90-ականների հիշողությունների երեկո, հանել հին լուսանկարների ալբոմները և հիշել/գրի առնել հետաքրքիր պատմություններ ու դեպքեր այդ տարիներից:
- Երկար ժամանակ անտեսված ու հետաձգված շատ գործեր կարելի է անել հենց այս ժամանակ` վերջապես դասավորել դարակը, դասակարգել լուսանկարների ալբոմները, վերջացնել սկսած բայց չավարտած շարֆի կամ գուլպայի գործելը… հաստատ շատերի մոտ նման պարտականություններ հավաքված կլինեն :)
- Վերջապես, կարելի է գազի վրա ջուր եռացնելով թեյ պատրաստել, փաթաթվել ծածկոցով, մուրաբայով թեյը խմել ու նայել մոմի լույսին: Աչքերին էլ է օգուտ:
Այս ամենը մտքիս որ եկավ, հասկացա որ ամսեկան կամ նույնիսկ շաբաթական 1 առանց էլեկտրականության ժամը շատ տեղին կլիներ գոնե ինձ համար: Ոչ մի հեռախոս, նոութբուք, ինտերնետ, (ձայնագրված) երաժշտություն կամ արհեստական աղմուկ… միայն մոմի լույս ու հանդարտ մտքեր:
Եթե գրածս կարդացիք ու հավեսի ընկաք earth hour-ին մասնակցելու, բայց հետո գիտակցեցիք որ այս տարվանը բաց եք թողել, կարող եմ հուշել որ սեփական earth hour-ներ կազմակերպելու համար շատ բան պետք չի :) Տանը ավելորդ լույսերը անջատելը ոչ մեկի վնաս չի տա, իսկ առանց էլեկտրականության ժամեր կազմակերպելու համար, թերևս պետք է միայն տնեցիների համաձայնությունը, կամ էլ` նրանց տնից բացակայելը:






