Sunday, March 28, 2010

5 տարբերակ վայելելու առանց էլեկտրականության մեկ ժամը

Որոշել եմ մեկ-մեկ էլ հայերեն գրել, քանի որ անգլերեն նյութերի պակասություն ինտերնետում կարծես թե չկա, ես էլ անգլերենս կատարելագործելու էդքան շատ կարիք չունեմ այլևս, կարող եմ անցնել հայալեզու պարունակության հարստացմանը :)

Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մասնակցում էր «Երկրի ժամ» կոչվող էկոլոգիական ակցիային, որին նույնիսկ միացել էր Երևանի քաղաքապետարանը (մեկ ժամով անջատելով փողոցային լուսավորությունը) ու մի քանի մասնավոր ընկերություններ: Ֆեյսբուքով ու որոշ հեռուստաալիքներով լուսաբանված ակցիային միացան նաև շատ անհատներ, մեկ ժամով իրենց տան էլեկտրականությունը անջատելով: Ես նույնպես տանը հայտարարեցի` «լույսերը անջատելու եմ, ու շատ խնդրում եմ նաև հեռուստացույցները անջատել», սակայն ցավոք հեռուստացույցների հարցով մերոնց համոզել չհաջողվեց :( Մոմերի սեփական հավաքածուից մի շարք մոմեր տրամադրեցի սենյակների լուսավորությանը ու քրոջս հետ ճաշեցինք մոմի լույսերի տակ: Քույրս նույնիսկ հիշեց, թե ասում են որ մթության մեջ ուտելիս ավելի շուտ ես կշտանում սովորաբար :))


Մտքովս անցավ, որ կարելի էր շատ հանգիստ նախապես հայտարարել ու 1-ժամանոց հովհարային անջատում կազմակերպել քաղաքում: Չեմ կարծում թե շատ մարդ կտուժեր: Ոնց էլ չլինի համարյա բոլորը գիտեն ինչա դա նշանակում, բացի դրանից քիչ չի եղել որ մի քանի ժամով հոսանքազրկվել ենք տարբեր վթարների պատճառով: Այդ մեկ ժամը մթության ու էլեկտրական սարքերի (հատկապես հեռուստացույցի) լռության մեջ շա՛տ շատ օգտակար ու հաճելի կարող է լինել: Օրինակ`

  1. Կարելի է ընտանիքով կամ ընկերներով հավաքվել ու մոմերի լույսերի ներքո լոտո, մոնոպոլիա կամ այլ նմանատիպ խաղ խաղալ (արևածաղկի սերմերը` ըստ ցանկության):
  2. Մենակ լինելու դեպքում կարելի է առանց խոչընդոտների ու խանգարող հանգամանքների մտածել, պլանավորել, խորհել դեսից-դենից… կարծում եմ ոչ միայն ինձ մոտ է նման կերպ «առանձնանալու» ցանկություն լինում:
  3. Կարելի է կազմակերպել 90-ականների հիշողությունների երեկո, հանել հին լուսանկարների ալբոմները և հիշել/գրի առնել հետաքրքիր պատմություններ ու դեպքեր այդ տարիներից:
  4. Երկար ժամանակ անտեսված ու հետաձգված շատ գործեր կարելի է անել հենց այս ժամանակ` վերջապես դասավորել դարակը, դասակարգել լուսանկարների ալբոմները, վերջացնել սկսած բայց չավարտած շարֆի կամ գուլպայի գործելը… հաստատ շատերի մոտ նման պարտականություններ հավաքված կլինեն :)
  5. Վերջապես, կարելի է գազի վրա ջուր եռացնելով թեյ պատրաստել, փաթաթվել ծածկոցով, մուրաբայով թեյը խմել ու նայել մոմի լույսին: Աչքերին էլ է օգուտ:


Այս ամենը մտքիս որ եկավ, հասկացա որ ամսեկան կամ նույնիսկ շաբաթական 1 առանց էլեկտրականության ժամը շատ տեղին կլիներ գոնե ինձ համար: Ոչ մի հեռախոս, նոութբուք, ինտերնետ, (ձայնագրված) երաժշտություն կամ արհեստական աղմուկ… միայն մոմի լույս ու հանդարտ մտքեր:

Եթե գրածս կարդացիք ու հավեսի ընկաք earth hour-ին մասնակցելու, բայց հետո գիտակցեցիք որ այս տարվանը բաց եք թողել, կարող եմ հուշել որ սեփական earth hour-ներ կազմակերպելու համար շատ բան պետք չի :) Տանը ավելորդ լույսերը անջատելը ոչ մեկի վնաս չի տա, իսկ առանց էլեկտրականության ժամեր կազմակերպելու համար, թերևս պետք է միայն տնեցիների համաձայնությունը, կամ էլ` նրանց տնից բացակայելը:

1 comment:

Mira said...

Ուռաաաաա...
Փաստորեն, մենակ ես չեմ, որ բոլոր լույսերը անջատել էի, բացի հեռուստացույցից, իհարկե, որովհետև մերոնք առանց ԹիՎի շաբաթ երեկոյան չեն կարող:
Ես այդ օրը ինձ զգացի աշխարհի մի մաս:
Նենց լավ էի զգում, որ գոնե մի չնչին բանով կարող եմ օգնել ԻՄ և ՄԵՐ մոլորակին:
WWF Forever!