Showing posts with label հայերենով. Show all posts
Showing posts with label հայերենով. Show all posts

Sunday, May 25, 2014

Համեմունքներով համեմված post :)

Ողջույն, վաղուց չէինք տեսնվել, գիտեմ: Այսօր ուզում եմ պատմել համեմունքները դասակարգելու իմ փորձի մասին:

Ես երևի մի քիչ OCD ունեմ ու նախընտրում եմ, որ նման բաները միշտ միասին լինեն դասավորված, հարմար, կոկիկ... երբ արդեն սկսեցի ես էլ խոհարարությամբ զբաղվել ու սկսեցի ուսումնասիրել համեմունքները ու դրանց կիրառությունները.. մի տխուր փաստ գիտակցեցի: Շատերի մոտ համեմունքները պահվում են ոնց պատահի՝ մի մասը թղթե տուփով, մի մասը պլատմասե, մի մասը ապակե բանկաների մեջ լցված.. հայտնի չի թե ինչ պիտանելիության ժամկետ ունեն: Որոշ տարաներ էլ պարզ չի, թե արդեն ինչ են պարունակում՝ պիտակ չկա: Շատ համեմունքներ բաշխված են խոհանոցի տարբեր դարակներով մեկ, արդեն չի հիշվում՝ ինչ ունենք, ինչն է վերջացել ու պետք է նորից գնել ...

Համեմունքների անունները ու կիրառությունները սովորելուն զուգահեռ սկսեցի հարմար տարաներ փնտրել: Մի քանի կարևոր նախապայման կար.
  1. ապակե, կամ շատ լավ որակի պլաստմասե տարաներ, լավ փակվող կափարիչներով, ցանկալի է, որ ծակեր էլ ունենան, որոնք նաև փակվող կլինեն: 
  2. կափարիչներն էլ լինեն մետաղական կամ փայտից և շատ լավ որակի ռեզինով պատված
  3. լինեն թափանցիկ ու պարզ՝ առանց նախշերի
  4. լինեն տարբեր չափերի՝ տարբեր տիպի համեմունքների համար
  5. վաճառվեն հատով, ոչ թե կոնկրետ քանակ պարունակող կոմպլեկտով:

Երկար փնտրտուքներից հետո գտա իմ ուզածին հնարավորինս մոտիկ՝ 2 չափի, պարզ, ապակուց, մետաղական կափարիչով, որ տարբեր չափերի ծակեր ունի: Վաճառվում է հատով, կամ տուփով (2 հատ): 580 և 790 դրամ, փոքր և մեծ չափերը համապատասխանաբար: Միակ թերությունը դրանց արտադրության երկիրն էր՝ որի արտադրանքից ՄԻՇՏ խուսափում եմ ու նախընտրում տեղական կամ այլ երկրների համարժեք արտադրանք: Այս անգամ խուսափել չհաջողվեց ու կոմպրոմիսի արդյունքում այդ մի սկզբունքը ընկավ երկրորդական պլան:

Տարաները մի քանի ամիսների ընթացքում 1-2 հատով գնում էի ու քիչ-քիչ համեմունքները տեղափոխում դրանց մեջ:

Երբ արդեն հիմնական բոլոր համեմունքները տեղավորվել էին, սկսեցի մտածել դրանց դասավորության մասին:

Մեր համեմունքների հիմնական դարակը խորն է: Տարաները շարվում էին ներքևում, ընդ որում փոքրերը իրար վրա.. այնպես որ միայն կափարիչներն էին երևում: Բավականին անհարմար էր, տարածքն էլ էֆեկտիվ չէր օգտագործվում:
Դարակը հարմարեցնելու համար օգնության եկավ ամուսինս՝ Արեգը: Մի քանի ժամ ավտոտնակում անցկացնելուց հետո եկավ այս լուծումը ձեռքին: Փայտի կտորներից այսպիսի մի դարակ էր սարքել, որը հանովի-դնովի է: Վրան հենց իմ տարաների չափով երկար փայտեր են: Դարակի տակ էլ կարելի է շատ ուրիշ բաներ տեղավորել:
Տարաները ժամանակավոր պիտակներով դասավորված Արեգի պատրաստած դարակի վրա

Այդպես քիչ-քիչ, համակարգում էի համեմունքները նոր տարաներով ու մտածում ինչ-որ սիրուն պիտակներ սարքելու մասին: Pinterest-ի օգնությամբ այսպիսի մի Spice jar labels template գտա ու հասկացա, որ որոշ համեմունքների անգլերեն անունները չեմ իմանում:

Այդտեղ մի նոր գործ բացվեց՝ սկսեցի ուսումնասիրել տարբեր համեմունքների անունները անգլերենով ու ռուսերենով: Կազմեցի աղյուսակ, ահագին բացահայտումներ անելով: Օրինակ, մեր տանը կար душистый перец, և կար բահար՝ տարբեր տարաներում: Ամոթ ինձ, որ չգիտեի, որ նույն բանն է, ընդ որում անգլերենով՝ allspice (էլ չասեմ, որ խանութներում 2 տեսակի բահար հանդիպեցի, մեկը հենց "բահար", մյուսը "բահար 7"):
Հետո հասկացա որ մեծ շփոթություն կա тмин, кумин, зира, cumin, caraway, քիմիոն, զիրա, քեմոն անունով համեմունքների հետ կապված: 
Շատ խանութներում և համեմունքների սրահներում նայելուց հետո, ինտերնետային փնտրտուքներից, տարատեսակ YouTube վիդեոներ ուսումնասիրելուց հետո եկա այն եզրակացության որ՝ тмин = քիմիոն = caraway, իսկ кумин = зира = cumin = քեմոն: Նման բացահայտում էր որ ծիտրոն = чабер = savory: Ծիտրոնը նաև անվանում են հայկական ռոզմարին:

Գտածս սիրուն պիտակները սկսեցի հարմարեցնել իմ համեմունքներին, ավելացնելով անվանման հայերեն ու ռուսերեն տարբերակները:
Ստացվեց այսպիսի մի ֆայլ:


Տպեցի դրանք AG Print-ում կպչուն թղթի (sticker) վրա, այնուհետև կտրատեցի սև գծերով: Փակցրեցի տարաներին ու սկսեցի վայելել :)


Եթե հավանեցիք՝ կարող եք ներբեռնել պիտակների ֆայլը PDF ֆորմատով, որը կարելի է տպել: Եթե տեսնում եք, որ ինչ-որ հաճախ օգտագործվող համեմունք մոռացել եմ՝ գրեք,
կավելացնեմ ֆայլում :) Հիմա ներառում է 60 համեմունք ու կանաչեղեն: Եթե հանկարծ ինչ-որ սխալ նկատեք, խնդրում եմ տեղեկացրեք, որ ուղղեմ:

Friday, March 11, 2011

my astronaut's diploma

Նրանք, ովքեր այցելել են մեր տուն վերջին մի տասը տարվա ընթացքում, գրասեղանիս վերևում տեսել են այս դիպլոմը: Իսկ մնացածը կարող են տեսնել այստեղ`

Ի հեճուկս Արթուր Պողոսյանի, այս մեկն իրական է, ստացել եմ Նիդեռլանդներում, որտեղ 9 տարեկանում մի ամիս ապրում էի: Հա, ու ես էլ մանկուց աստղագիտություն շատ էի սիրում ու Գագարինը իմ հերոսն էր :)

Monday, September 13, 2010

Սթիվ Ջոբսն ասում է` մնացեք քաղցած, մնացեք հիմար

թեև Apple-ի երկրպագու չեմ, բայց այս մարդն
ինձ մոտ շատ մեծ հարգանք է վայելում :)
Պատրաստվելով դասերիս, մտածեցի որ արժե այս հայտնի ելույթը ցույց տալ ուսանողներին: Անգլերենը չհասկանալու խնդիրը լուծելու համար, որոշեցի ենթագրերը թարգմանել հայերեն և ավելացնել տեսանյութում: Մի կերպ գտա ելույթի տրանսկրիպցիան .srt ֆայլով (իսպաներեն տարբերակը) ու տեքստային խմբագրիչում տող-առ-տող թարգմանեցի: Չգտնելով օրիգինալ տեսանյութին լեզու ավելացնելու ձևը (պարզվում է` միայն հեղինակն է կարող ուրիշ լեզվով ենթագրեր ավելացնել տեսանյութին YouTube-ում) նորից բեռնեցի տեսանյութը ինձ մոտ` ավելացնելով ենթագրերի ֆայլը:

Ամբողջական թարգմանված տեքստն այստեղ է: Սխալներ նկատելու դեպքում, խնդրում եմ իմաց տվեք` կուղղեմ (մի քիչ շտապելով եմ թարգմանել, հաստատ անթերի չէ, սակայն կուզեի, որ լիներ :)):
Հայերեն .srt ֆայլը կարելի է ներբեռնել այստեղից:

էդպես.. մտածեցի, կարող է` ուրիշ մեկին էլ պետք գա: Ի դեպ, իմ արդեն գործընկեր երիտասարդ դասախոսներին էլ խորհուրդ կտայի ցուցադրել այս տեսանյութը ուսանողներին... թե մեկ-երկուսի մոտ էլ ուղեղում որոշ բաներ արթնանան` էլի օգուտ կլինի:

Tuesday, August 31, 2010

TED. տեխնոլոգիա, ժամանց, դիզայն. տարածվելու արժանի գաղափարներ

Արդեն բավականին ժամանակ է ինչ ուզում եմ իմ բոլոր ընկերներին ու ընթերցողներին ծանոթացնել այս հոյակապ նախագծին և պատմել իմ վերջին «թուլություններից» մեկի մասին:

Եւ այսպես... ի՞նչ է TED-ը:
TED-ը փոքր ոչ առևտրային կազմակերպություն է: Այն նվիրված է այնպիսի գաղափարներին, որոնք արժանի են տարածման: Ստեղծվել է 1984-ին որպես կոնֆերանս, որը երեք աշխարհների (տեխնոլոգիա, ժամանց, դիզայն) մարդկանց հավաքել էր միասին: Այդ ժամանակից ի վեր թեմաների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է: Բացի իր 2 ամենամյա` TED կոնֆերանսներից (Լոնգ Բիչ և Փալմ Սփրինգս), ինչպես նաև յուրաքանչյուր ամառ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում տեղի ունեցող TED Global-ից, TED-ը ներառում է նաև TEDTalks տեսանյութերի կայքը, Բաց Թարգմանության Նախագիծը և Բաց Հեռուստատեսության Նախագիծը, TEDx ծրագիրը և ամենամյա TED մրցանակը:
Դրանց մասնակցելը մեծ հաջողություն է (պահանջում է բավականին ջանքեր, գումար և գուցե` բախտ :)), իսկ այնտեղ ելույթ ունենալը ուղղակի մի չտեսնված պատիվ է: Դա արդեն դասում է մարդուն Ռիչարդ Բրենսոնի, Ալ Գորի, Բիլ Գեյթսի, Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի և աշխարհահռչակ շատ գիտնականների շարքում:

TEDx
TEDx-ը ստեղծվել է TED-ի «տարածվելու արժանի գաղափարներ» ոգով: Ծրագիրը տարբեր համայնքների, կազմակերպությունների և անհատների հնարավորություն է ընձեռում TED-ատիպ երկխոսություններ կազմակերպել ավելի տեղային մակարդակով:

TEDx միջոցառումների ժամանակ յուրատիպ ելույթների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև TED ելույթների տեսանյութեր, որոնք առավել խորը զրույցների խթան են հանդիսանում: TEDx միջոցառումները ամբողջովին պլանավորվում և համակարգվում են TED-ից անկախ` համայնք առ համայնք:
Ովքեր տեղյակ չեն` առաջին TEDxYerevan կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Իսկ դեկտեմբերին` առաջին գլոբալ TED Women-ին զուգահեռ տեղի կունենա TEDxWomenYerevan-ը: Նորությունների համար` հետևեք ինձ ;)

TED Talks
TEDTalks նախագիծն ի սկզբանե ուղղակի փորձ էր աշխարհի հետ կիսվելու այն ամենով, ինչ կատարվում էր TED-ի ընթացքում: «Տարածվելու արժանի գաղափարներ» անվանման տակ ելույթները դրվեցին կայքում` դիտման համար: Կարճ ժամանակում դրանք միլիոնավոր հանդիսատեսներ հավաքեցին: Արձագանքն այնքան ոգևորիչ էր, որ TED կայքը ամբողջովին վերափոխվեց, կենտրոնական մասում դնելով հենց ելույթները, և յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռնեց ունկնդրելու աշխարհի ամենաոգեշնչող ձայները:
Ես կարող եմ ժամեր անցկացնել դիտելով այս ելույթները, որոնք ներկայացնում են աշխարհի ամենահայտնի գիտնականները, ձեռնարկատերերը և ուղղակի հետաքրքիր մարդիկ:


TED Open Translation Project
TED-ի Բաց թարգմանության նախագիծը TED ելույթները հասանելի է դարձնում անգլերենին չտիրապետող լսարանին, առաջարկելով ենթատիտրեր, ինտերակտիվ սղագրություն և հնարավորություն, որ յուրաքանչյուր ելույթ թարգմանվի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կամավորների կողմից: Այժմ նախագիծը ներառում է ավելի քան 10.000 թարգմանություններ արված 5000 կամավորների կողմից 77 լեզուներով: Այստեղ կարելի է տեսնել հայերեն լեզվի թարգմանիչներին: Արդեն 37 ելույթ ունի հայերեն  ինտերակտիվ սղագրություն և ենթատիտրեր:
Արդեն մի քանի ամիս է, ինչ ես էլ եմ մասնակցում թարգմանություններին: Որոշները բավականին բարդ են ընկալման և հատկապես թարգմանության համար, սակայն չափազանց հետաքրքիր են: Այս աշխատանքը օգնում է հայերեն ու անգլերեն լեզուները մշտապես ակտիվ պահել ուղեցում, և ավելի խորացնել լեզվի գիտելիքները: Թարգմանությունները օգնում են ճանաչել շատ նոր երևույթներ և սովորել նոր բաներ, որոնք ուղղակի դիտելիս չի հաջողվում:
Եթե ցանկանաք միանալ մեր շարքերին` այցելեք այս խումբը, մենք ձեզ ամեն ինչ կպատմենք :)
TED-ի հայերեն թարգմանիչները պարբերաբար հավաքվում և դիտում են TED ելույթներ: Մենք նաև մեր mailing list-ը ունենք:
TED թարգմանիչների հավաքը 
Ի դեպ, ես արդեն ունեմ TED ելույթների մեծամասնությունը ներբեռնած` մոտ 30Գբ (thx Gaspar!): Ցանկացողների հետ հաճույքով կկիսվեմ :))

Ահա իմ անձնական էջը ted.com-ում: Ստորև ներկայացնում եմ որոշ իմ ամենասիրած ելույթները:


Ահա իմ ամենասիրելի ելույթներից մի քանիսը: Վայելե՜ք :)
Իմ ընկեր Ալեքսիսի ելույթը :)


Զարմանալի բաներ


Ահա իմ սիրելի Ռիչարդ Բրենսոնը


Կարող էի էլի մի տասնյակ հետաքրքիր ելույթներ բերել այստեղ, բայց դժվար չէ դրանք գտնելը :) Ահա մի քանի ցանկեր`



Իմ հավանածներից որոշները կարող եք տեսնել TED-ի իմ անձնական էջում:

Ձեզ էլ խորհուրդ կտամ դիտեք հնարավորին չափ շատ TED ելույթներ, որպեսզի զգաք խելոքանալու և զարգանալու պրոցեսը :)))

Sunday, March 28, 2010

5 տարբերակ վայելելու առանց էլեկտրականության մեկ ժամը

Որոշել եմ մեկ-մեկ էլ հայերեն գրել, քանի որ անգլերեն նյութերի պակասություն ինտերնետում կարծես թե չկա, ես էլ անգլերենս կատարելագործելու էդքան շատ կարիք չունեմ այլևս, կարող եմ անցնել հայալեզու պարունակության հարստացմանը :)

Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մասնակցում էր «Երկրի ժամ» կոչվող էկոլոգիական ակցիային, որին նույնիսկ միացել էր Երևանի քաղաքապետարանը (մեկ ժամով անջատելով փողոցային լուսավորությունը) ու մի քանի մասնավոր ընկերություններ: Ֆեյսբուքով ու որոշ հեռուստաալիքներով լուսաբանված ակցիային միացան նաև շատ անհատներ, մեկ ժամով իրենց տան էլեկտրականությունը անջատելով: Ես նույնպես տանը հայտարարեցի` «լույսերը անջատելու եմ, ու շատ խնդրում եմ նաև հեռուստացույցները անջատել», սակայն ցավոք հեռուստացույցների հարցով մերոնց համոզել չհաջողվեց :( Մոմերի սեփական հավաքածուից մի շարք մոմեր տրամադրեցի սենյակների լուսավորությանը ու քրոջս հետ ճաշեցինք մոմի լույսերի տակ: Քույրս նույնիսկ հիշեց, թե ասում են որ մթության մեջ ուտելիս ավելի շուտ ես կշտանում սովորաբար :))


Մտքովս անցավ, որ կարելի էր շատ հանգիստ նախապես հայտարարել ու 1-ժամանոց հովհարային անջատում կազմակերպել քաղաքում: Չեմ կարծում թե շատ մարդ կտուժեր: Ոնց էլ չլինի համարյա բոլորը գիտեն ինչա դա նշանակում, բացի դրանից քիչ չի եղել որ մի քանի ժամով հոսանքազրկվել ենք տարբեր վթարների պատճառով: Այդ մեկ ժամը մթության ու էլեկտրական սարքերի (հատկապես հեռուստացույցի) լռության մեջ շա՛տ շատ օգտակար ու հաճելի կարող է լինել: Օրինակ`

  1. Կարելի է ընտանիքով կամ ընկերներով հավաքվել ու մոմերի լույսերի ներքո լոտո, մոնոպոլիա կամ այլ նմանատիպ խաղ խաղալ (արևածաղկի սերմերը` ըստ ցանկության):
  2. Մենակ լինելու դեպքում կարելի է առանց խոչընդոտների ու խանգարող հանգամանքների մտածել, պլանավորել, խորհել դեսից-դենից… կարծում եմ ոչ միայն ինձ մոտ է նման կերպ «առանձնանալու» ցանկություն լինում:
  3. Կարելի է կազմակերպել 90-ականների հիշողությունների երեկո, հանել հին լուսանկարների ալբոմները և հիշել/գրի առնել հետաքրքիր պատմություններ ու դեպքեր այդ տարիներից:
  4. Երկար ժամանակ անտեսված ու հետաձգված շատ գործեր կարելի է անել հենց այս ժամանակ` վերջապես դասավորել դարակը, դասակարգել լուսանկարների ալբոմները, վերջացնել սկսած բայց չավարտած շարֆի կամ գուլպայի գործելը… հաստատ շատերի մոտ նման պարտականություններ հավաքված կլինեն :)
  5. Վերջապես, կարելի է գազի վրա ջուր եռացնելով թեյ պատրաստել, փաթաթվել ծածկոցով, մուրաբայով թեյը խմել ու նայել մոմի լույսին: Աչքերին էլ է օգուտ:


Այս ամենը մտքիս որ եկավ, հասկացա որ ամսեկան կամ նույնիսկ շաբաթական 1 առանց էլեկտրականության ժամը շատ տեղին կլիներ գոնե ինձ համար: Ոչ մի հեռախոս, նոութբուք, ինտերնետ, (ձայնագրված) երաժշտություն կամ արհեստական աղմուկ… միայն մոմի լույս ու հանդարտ մտքեր:

Եթե գրածս կարդացիք ու հավեսի ընկաք earth hour-ին մասնակցելու, բայց հետո գիտակցեցիք որ այս տարվանը բաց եք թողել, կարող եմ հուշել որ սեփական earth hour-ներ կազմակերպելու համար շատ բան պետք չի :) Տանը ավելորդ լույսերը անջատելը ոչ մեկի վնաս չի տա, իսկ առանց էլեկտրականության ժամեր կազմակերպելու համար, թերևս պետք է միայն տնեցիների համաձայնությունը, կամ էլ` նրանց տնից բացակայելը:

Thursday, April 16, 2009

«Վարդագույն քաղաքի գույնը» by Սերգեյ Սարգսյան

Գրքի մասին իմացա Ֆեյսբուքից: Այնտեղից էլ իմացա գրքի շնորհանդեսի մասին, որը կայանալու էր իմ ամենասիրած գրախանութում` Բուկինիստում: Սերգեյին հեռակա կարգով ճանաչելով (друзья друзей :) հետաքրքրվեցի գրքով, և նրան նվիրված Ֆեյսբուքի խումբ հրավիրվելով հնարավորութուն ստացա կարդալ սեմփլը :)

Գիրքը գնեցի (1300 դրամ էր, որը ըստ ինձ, բավականին մատչելի գին ա) և հեղինակի «ճկուն մաղթանքների» հետ միասին տարա տուն:

Երեկոյան մի քիչ կարդացի, ու հաջորդ օրը աշխատանքից վերադառնալով հայտնաբերեցի, որ քույրս այն արդեն կարդացել-վերջացրել էր :)

Իսկապես բավականին հեշտ ու մի շնչով կարդացվեց:
Քնելուց առաջ գիրքն ավարտեցի ու դնելով մահճակալիս կողքը քնեցի: Մյուս օրը առավոտյան այն իր տեղում չգտա.. պարցվեց հայրս վերցրել էր կարդալու :D մինչև էդ ասել էր, որ նորություններով տեսել էր գրքի շնորհանդեսի մասին տեսանյութ, ու փաստորեն ևս բավական հետաքրքրվել էր: Մայրս նույնպես հետաքրքրությամբ կարդաց, մանավանդ որ գրքում նկարագրված էր իրավիճակ` իրենց ամբիոնի հետ կապված :)

Ճիշտ է, մինչև գիրքը մինչև վերջ կարդալը, չդիմացա ու նախապես կարդացի գլուխների սկզբի բնաբանները: Դրանք, բավականին հաջող կերպով ընտրված մեջբերումներ են երգերից, քաղաքական գործիչների «փստացրած» արտահայտություններից և այլ ժպիտ առաջացնող խոսքերից:

Ահա մի քանիսը, որ ինձ բավականին ուրախացրել են`

«Ախ չգիտեմ, ինչ է սերը, որտեղից
Ու ինչու է սիրտը իմ հանում հունից:
Զգացմունքը այս, եթե սեր են անվանել,
Անդադար պատրաստ եմ ես այդպես սիրել»:
Երգչուհի` մայրանալուց առաջ

«Երևան, Երևան գնալու եմ,
Հիմնական Երևանում մնալու եմ»: -Շատերը

«Մենք պետք է ստեղծենք ոստիկանի այնպիսի իմիջ, որ ժողովուրդը սկսի մեզ հարգել»: -Ալիկ Սարգսյան, ոստիկանապետ

«Մեր նպատակն է Հայաստանը դարձնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային առաջատար»: -Մհեր Շահգելդյան, Արտակարգ իրավիճակների նախարար

«Հաստատ ճանաչելու ենք հայոց Ցեղասպանությունը»: -ԱՄՆ-ի նախագահներ
--
Գիրքը նկարագրում է 2008-ի ամռան վերջի իրադարձությունները չորս երիտասարդների կյանքում` աշխատանք, աղջիկներ, ընկերություն, NGOշնիկներ, կոռուպցիա և այլ ինտրիգներ:

Ծնողներս, որպես գրքի թերություն, նշեցին իրենց ասելով բազմաթիվ ուղղագրական և ոճական սխալները, որոնք իմ համեստ կարծիքով, դիտավորյալ էին թողնված խմբագրի կողմից ու միայն շեշտում էին երիտասարդների խոսակցական լեզուն (տեղ-տեղ կոպիտ` «իչքան», «գալի»...) ու հեղինակի անմիջականությունը (տեղ-տեղ գռեհիկ արտահայտություններ, որոնք, ինչ թաքցնենք, երիտասարդների առօրյա հաղորդակցության մասն են):


Գիրքը իսկապես գրված է առօրյա լեզվով և հետաքրքիր հումորով: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե որքան մարդ կա, որ կհասկանա կատակները, իրավիճակները և գրքում շոշափված թեմաները ամբողջովին: Կարծում եմ, գրքում նկարագրված իրավիճակները և արդար հեգնանքով լի նկարագրությունները առավելագույնը հասկանալի կլինեն այն ակտիվ երիտասարդներին, որոնք քիչ թե շատ տեղյակ են երկրում գործող ՀԿ-ների աշխատելաոճի նրբություններին, համալսարանային, պետական և բանկային աշխատանքի առանձնահատկություններին, անգլերեն գիտեն ևն: Բացի այդ, այդ երիտասարդները պետք է որ տեղյակ լինեն, որ օդնոկլասնիկիից բացի կա նաև Ֆեյսբուք և այլ ուրիշ հետաքրքիր կայքեր:

Բավականին գունեղ են նկարագրությունները` …
«էտ բառը հատուկ «բոլդ» շրիֆտով արտասանեց Մովսեսը», «…Գագոն, որը 27 տարեկան հարևան էր, չէր ավարտել դպրոցի վերջին մի քանի դասարանները, սրտաճմլիկորեն բութ էր, բայց լավ խորովածի կրակ էր կպցնում» … «Խաչատուրիչը կարծես թռել էր Արմենի դեմքին և ժրաջան կախվել նրա ինտիլիգենտ ունքերից»:
Հետաքրքիր էր «տեսնել» նկարագրված իրավիճակները ու նաև մեզ, երևանյան աղջիկներին` տղաների աչքերով: Մոտս նույնիսկ ցանկություն առաջացավ գրել դրա զուտ աղջկական «պատասխանը» :D Գիրքը կարդալուց հետո ցանկություն առաջացավ էլի այդ ոճի բաներ գտնել-կարդալու, ու իհարկե գրքի շարունակությունն էլ հետաքրքիր կլինի կարդալ (որը, հուսով եմ, կլինի!): Սերգեյ ջան, "пиши ещо" :))))

Գրքի մեջ ինձ ամենաշատը դուր չեկավ շապիկը... Նարեկ, ներող :)

Համոզված եմ, շատերը գրքում կգտնեն իրենց ծանոթ իրավիճակներ ու կերպարներ, որոնք այստեղ ներկայացված են Սերգեյի հումորային տեսանկյունից, համեմված` շատերի համար աննկատ, բայց ուշադրության արժանի մանրուքներով: Ու երևի թե դուք էլ, երբ որ կարդաք, կսկսեք ինձ նման փնտրել գրքի հերոսներին` (Վիլոյին, Մովսեսին, Ալիսային ու նույնիսկ Վիլոյի կոլեգա Արսենին) պատահական անցորդների մեջ:

Արդեն էնքան եմ պատմել գրքի մասին ընկերներիս, որ հերթ են կանգնել, գիրքս վերցնելու` չնայած որ ես իրենց խորհուրդ եմ տալիս գնել իրենց սեփական օրինակը ;) Խրախուսե՛նք երիտասարդ գրողներին !!!

Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս: Բոլոր պրոգրեսիվ երիտասարդների համար must-read :)

Tuesday, March 3, 2009

confused in translation

I need a proper translation of "mi manchi" from Italian. "Կարոտում եմ քեզ" doesn't express it when you feel the lack of somebody, somebody is missing in your life.

"Mi manchi" հավասար չի != «Կարոտում եմ քեզ».. բայց հո չե՞մ ասի «դու ինձ պակասում ես»:
«Քո կարիքը զգում եմ»-ն էլ էն չի... «Կարոտում եմ»-ը ասող անձին ա հղում (ուրագի պես.. :) միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ) նույնը` "Скучаю".
Մինչդեռ "(tu) mi manchi"-ն ասվողին ա վերաբերում, այսինքն արտահայտության առարկան դիմացինն ա: Սրանով դիմացինը ավելի ա կարևորվում, իսկ «Կարոտում եմ»-ը, ըստ ինձ, ավելի էգոիստական ա հնչում... համ էլ կարող ես ասել «Կարոտում եմ» ու չնշել ում/ինչը, իսկ "Mi manchi"-ում հակառակը` նշվում ա որ հենց դիմացինը կարոտվում ա (ինչ ահավոր բառ գրեցի):

Ափսոս լեզվաբանական կրթություն չունեմ, որ ավելի գիտական լեզվով արտահայտեի մտահոգությունս :)

սենց բաներ...

Sunday, December 14, 2008

ուղղակի գրել էի ուզում... սա ստացվեց

Սիրում եմ գրելը: Ծանր ու հոգնացուցիչ օրվանից հետո, երբ երեկոյան համակարգչիս ջերմությունը զգում եմ ծնկներիս, ու ինձ էլ ի վիճակի եմ զգում ինչ-որ բան գրելու (կարևոր չի ինչ), արդեն ինձ սկսում եմ լավ ու բավարարված զգալ:
Այսօրը նշանավորվեց նրանով, որ ցուրտ էր: Առաջին անգամ այս սեզոնում սառցակալեցի ու մինչև վերջ դեռևս չեմ հալել: Հետո դեկտեմբերի 13-ն էր ու ես ճիշտ ժամանակին հիշեցի Jovanotti-ի "Per Te" երգը` իր ջերմ խոսքերով, որոնց մեջ է նաև "E' per te, il 13 dicembre" (Քո համար է դեկտեմբերի 13-ը...) ցավոք, այս օրը իմը չէր կարծես...

Հետո տեսա Լուսինը, որ այսօր առանձնահատուկ մեծ ու մոտիկ էր... երկար ժամանակ է արդեն ինչ այն հանդիսանում է իմ ու իմ աշխարհով սփռված մոտիկների շփման միջոցը :) Լուսնին նայելով մենք իրար հաղորդագրություններ ենք «թողնում» :) ու կարդում դրանք դարձյալ նրան նայելով..

Էլ ինչ օր էր....
*օր, երբ ես կոպտեցի փողոցում ինձ զզվացնող մի հիմար կերպարի
*երբ սկսեցի կարոտել մարդկանց, ում հավանաբար այլևս երբեք էլ չեմ հանդիպի` Ստամբուլից, Պետերբուրգից.. հիշեցի Պետերբուրգյան կիթառային երեկոները, երբ ДДТ, Браво, Наутилус, Сплин էինք երգում խմբովի ու ի դեպ, ռուսները էնպես լավ էին կարողանում նվագել ու երգել դրանք.. բոլորովին առանց ակցենտի ու հենց օրիգինալի նման x-)
*մի պահ ինձ զգացի փետրվար ամսին, Ռոտերդամում, միայնակ, կարոտած, արցունքներով Հախվերդյան լսելիս... ու ահագին երջանիկ զգացի որ աչքերս բացեցի ու տեսա հրապարակը - «Տանն եմ՛»:
*Կարոտեցի էլի մի քանի ընկերների... սկսեցի մտածել տեսնես իրենք ինձ երբ են հիշել վերջին անգամ... :Ճ ամեն դեպքում մտքով իրենց լիքը ջերմություն ուղարկեցի.. ոնց չլինի պետք կգա :))
*մտածեցի թե ինչ կարող եմ անել որ աշխատավայրում վիճակս բարելավվի... մտածածս գրելու հետ էր կապված, դրա համար ինքնըստինքյան իրականանալի էր ու դրական :)
-սկսեցի պատրաստվել ուրբաթ օրվա սեմինարի իմ թրեյնինգին (անձնային աճի հետ կապված, ավելի շուտ, վերնագիրը` «Ժամանակակից աշխարհը և առկա հնարավորությունները»): Ահագին լավ մտքեր ունեմ ու կանխազգում եմ որ շատ լավ կանցնի:
*փորձեցի պատկերացնել որ հաջորդ տարվանից կարող է շաբաթ օրերը այլևս աշխատանքի չլինեմ !!! Այդպիսի երջանկություն չեմ հիշում վերջին մի քանի տարիների ընթացքում.. շաբաթական միայն մեկ օր «հանգստանալով», այսքան ժամանակում հավաքված իմ հոգնածությունը մեկ էլ կարող է անցնել! պատկերացնում եմ աշխատունակությունս ինչքանով կբարձրանա:
*քանի որ աշխատավայրում, աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու փոխարեն նորանոր սահմանափակումներ, վատ փոփոխություններ են իրականացնում, ստիպված ինքնամոտիվացիայի նոր միջոցներ եմ փորձում գտնել... նորից հարցնում եմ ինքս ինձ, թե ինչն է ինձ պահում, ծանրութեթև եմ անում տարբերակները..
*մտածեցի նրա մասին որ մոտիկ ընկերուհիս ձմռանը էստեղ չի լինելու, ու մտածեցի տեսնես երբ գա ու հանդիպենք, ես ինչպիսի՞ն կլինեմ: Ինչքանով փոխված կլինեմ, գործս ոնց կլինի.. բզիկս...:D
*հիշեցի որ իմ ամենահուսալի հակադեպրեսանտը լավ երաժշտությունն է: Դրական, ու տրամադրությանը համապատասխան, բայց վաղուցվանից չլսված երգերը հոգսերս մոռացնում են: Պետերբուրգից հետո իմ հակառուսական տրամադրությունները մեղմվեցին ու ռուսական երաժշտության հետ արդեն ուրիշ ասոցիացիաներ են... ДДТ լսելով հիշեցի մի քանի տարի առաջվա Արփիին, ու լավ հիշողություններ արթնացան :)
*Եվրոնյուսով տեսա որ Հռոմում Տիբրոսը (Tevere-ն) բարձրացել ու հեղեղում ա քաղաքը.. տխուր էր... մյուս կողմից զգացի որ վերջերս շուտ-շուտ հեռուստացույցով երևացող Վենեցիան ու Հռոմը տեսնելով` տանջագին մելանխոլիայի մեջ այլևս չեմ ընկնում: Երևի որովհետև զգում եմ, որ շուտով գնալու եմ.. ԶԳՈՒՄ ԵՄ!
*Հետո զգացի, որ վերջերս շարժվում եմ "what doesn't kill me, makes me stronger" կարգախոսով.. ցավոք վերջերս ավելի շատացել են ինձ կոտրել փորձող բաները, չնայած որ ես չեմ մտածում հանձնվել, ուղղակի մտածում եմ.. էտքան ուժեղ դառնամ, բա հետո՞:
*Լսելով Մորիսեթի "Thank U"-ն, սկսեցի կազմել իմ ցուցակը` all the things I'm thankful to - 2008 edition :) էնտեղ են RSS-ը` Google reader-ի հետ, բոլոր բզիկներս անխտիր, բլոգս, իմ մոտիկ ընկերները, ինչպես նաև ոչ մոտիկ մարդիկ, ում հետ առնչվեցի ու շատ բաներ սովորեցի... ուժեղացա :) ընկերությունը որտեղ աշխատում եմ ու աշխատակազմը, իմ սիրելի ֆոտոխցիկը ու laptop-ը! ...կարծես թե մնացածը հենց իմ միջից էր: Լավ, դեռ շուտ է տարին փակելու մասին խոսել.. ինձ այդ թեմայով գրելու բազում տողեր են սպասում :)))
*այսօր նորից մտածեցի որ իմ ներկայիս կարևորագույն թերությունը` lack of self presentation skills-ն է: Չափից դուրս համեստությունը ու քչախոս լինելը հանգեցնում են նրան, որ երբ իմ ունակություններից մեկի մասին խոսք է գնում, ինձ նայում են կարծես գլուխ եմ գովում կամ թիթիզանում եմ.. ահավոր է: